
Օգոստոսի 11-ի երեկոյան կկայանա «Հաղթանակ» կուսակցության դրամահավաք-երեկոն, որի ընթացքում կներկայացվեն Երեւանի հետ կապված «Վիկտորի պլանից» որոշ դրույթներ, կքննարկվեն քաղաքային մարտահրավերները՝ լուծելու կուսակցության առաջարկները։ Հանդիպումից առաջ Aravot.am-ը զրուցել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի հետ:
– Որո՞նք են ձեր ծրագրի առաջնահերթությունները եւ 3 հիմնական մեխերը, որոնց շնորհիվ ձեր ծրագիրը տարբերվում է այլ ուժերի, թեկնածուների ծրագրերից:
– Մեր ծրագրի գլխավոր արժեքն այն է, որ բոլոր առաջնահերթությունները բխում են մեր համաքաղաքացիներին հուզող խնդիրներից: Մենք ցանկանում ենք, որ Երևանը լինի նախ մարդամոտ քաղաք, թե՛ տարածության, եւ թե՛ մարդկային առումով: Երևանի բնակչին, որ թաղամասում էլ նա ապրելիս լինի, պետք է հավասարաչափ հասանելի լինի ամեն ինչ՝ տրանսպորտ, ենթակառուցվածքներ, կանաչ գոտիներ, ջրային գոտիներ, հանգստի վայրեր: